Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Կոմպրոմիսներ, որոնք մարդկությանը թույլ կտան գոնե ժամանակավորապես դուրս գալ ներկա փակուղային վիճակից

Կոմպրոմիսներ, որոնք մարդկությանը թույլ կտան գոնե ժամանակավորապես դուրս գալ ներկա փակուղային վիճակից
07.05.2025 | 12:06

Մարդկանց թվի աննախադեպ աճը երկրագնդի վրա և մեկ շնչին ընկնող կյանքի համար անհրաժեշտ կրիտիկական ռեսուրսների կտրուկ անկումը խոսում են այն մասին, որ առաջիկայում մարդկությանը մեծ փոփոխություններ են սպասում։

Առաջին հերթին, այդ փոփոխությունները պետք է վերաբերեն մարդկության կյանքի հարատևմանը չնպաստող հարստության ու կապիտալի ինքնանպատակ դիզման գոնե մասնակի կասեցմանը, մի բան, որը կորպորացիաների կողմից գիշատչային ձևով կատարվում է կյանքի համար անհրաժեշտ կրիտիկական ռեսուրսները առանց հսկողության խժռելու հաշվին։

Քանի որ ռեսուրսները խժռելու նման պրոցեսը տեղի է ունենում մրցակցային ռեժիմում, ապա մարդկության առաջիկա կյանքում սկզբունքային բնույթ կրող այդ փոփոխությունները կվերաբերեն նաև մրցակցության պրոցեսի հնարավորինս թուլացմանը, բայց և որը կպահանջի միջազգային հարաբերությունների նոր որակ։

Այս իմաստով առաջին պլան է մղվում մարդկության առաջընթաց կոչեցյալ պրոցեսի իմաստային օբյեկտիվ մեկնաբանման պրոբլեմը, որը պատմության ամբողջ ընթացքում, ըստ էության, կապված է եղել մարդկանց միմյանց ոչնչացնելու և հաղթելու միջոցների ստեղծման և հարստություն դիզելու տենչի հետ։

Միմյանց հաղթելու համար նաև պետք էր ունենալ մեծաքանակ զորք և տիրանալ հնարավորինս շատ կենսական ռեսուրսների, հանգամանքներ, որոնք ներկայում մարդկությանը կանգնեցրել են փակուղու առաջ։

Նույն նպատակին է ծառայել գիտությունը իր հիմնարար և կիրառական ուղղություններով՝ որպես սպառազինությունների մրցավազքի հիմքերի հիմք։

Այս ամենի արդյունք ատոմային ու կենսաբանական զենքերը, ռոբոտիզացիան ու արհեստական բանականության ուղղությամբ ստեղծվող տեխնիկական ու ինֆորմացիոն միջոցները բոլորն էլ ունեցել են մարդկանց ոչնչացնելու կամ մարդկային գործունեության տարբեր ոլորտներում մարդուն փոխարինելու նպատակ և, փաստորեն, դրանով իսկ նրան դարձնելով ավելորդ, որն էլ բիզնեսի համար կդառնար նաև եկամտի մի նոր ու հզոր աղբյուր։

Եվ այս ամենը անկոմպրոմիս մրցակցության և ահագնացող գոյաբանական ռիսկերի ու դեմոգրաֆիական պրոբլեմների պայմաններում, երբ երկրագնդի վրա բարեկեցիկ կյանք ունեցողների թիվը տոկոսային առումով պակասում է, իսկ մյուսներինը՝ աճում։

Հակիրճ կերպով սրանք են այն պրոբլեմները, որոնց շատ թե քիչ տանելի լուծումները բարձր մակարդակի ուժային կոմպրոմիսների տեսքով մարդկությանը թույլ կտան գոնե ժամանակավորապես դուրս գալ ներկա փակուղային վիճակից, կոմպրոմիսներ, որոնք հնարավոր են մարդկանց մենթալիտետային բազմադեմ իներցիաները հաղթահարելու միջոցով միայն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ